Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
1113 - Telegram Web
Telegram Web
🟢⚪️🔴 Նախորդ շաբաթավերջին անդրադարձել էի «կոնտրաստին», որ ստացվեցԻրանի նախագահի եւ արտգործնախարարի Նյու Յորք այցի եւ հռետորաբանության ֆոնին: Նրանք ՄԱԿ ԳԱ առիթով այցելելով Նյու Յորք, աչքի ընկան այսպես ասած կառուցողական հռետորաբանությամբ, բայց այդ ֆոնին էլ Իսրայելն աչքի ընկավ Իրանի հանդեպ անուղղակի հարվածների ուժգնացմամբ՝ Լիբանանի ու Հըզբոլլահի թիրախավորում, Հասան Նասրալլահի սպանություն:

Եվ ահա, Իրանի նախագահը նախօրեին հայտարարում է, որ Արեւմուտքն ու Եվրոպան խաբել են իրենց, խոստացել են հրադադարի հասնել Գազայում՝ եթե Իրանը ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիայի սպանության համար չպատասխանի Իսրայելին:

Երբ երկրի նախագահի մակարդակով հայտարարվում է, որ իրենց խաբել են, դա ըստ էության նշանակում է, որ այդ խաբեությունը պետք է ստանա որեւէ արձագանք կամ պատասխան: Դա իհարկե կարող է չլինել պատասխան հարված Իսրայելին, ու ընդհանրապես՝ պատասխանը այդ խաբեությանը կարող է չլինել հարվածի տեսքով, բայց չլինել չի կարող: Եթե պետության բարձր մակարդակով հայտարարվում է, որ իրենց խաբել են, դա նշանակում է, որ տվյալ պետությունն իր համար սահմանում է արդեն վարքի որոշակի այլ նշաձող:

Եթե դա չկա, եթե դա տեղի չի ունենում, ապա ըստ էության կնշանակի, որ այդ պետությունը կամա, թե ակամա սահմանում է արդեն իրեն խաբելու կամ իրեն թիրախավորելու նոր՝ ավելի լայն նշաձողեր:
🔴🔴🔴 Իրանի վարքագիծը դիտարկելիս իհարկե չպետք ա առաջնորդվենք «տղայական կռվի» տրամաբանությամբ՝ նա քեզ խբեց, դու էլ իրեն պետք է խբես, եթե չխբես՝ կոտրված ես»:

Եթե Իրանն առաջնորդվեր այսպիսի տրամաբանությամբ, ապա այսօր գուցե նույնիսկ գոյություն էլ չունենար որպես պետություն, հաշվի առնելով այն միջավայրն ու դրա աշխարհաքաղաքական կարեւորությունը, որում այդ պետությունն ապրում է:

Հարկ է դիտարկել մի հանգամանք: Ինչու՞ է Իսրայելը ձգտում ամեն գնով մեծացնել պատերազմի աշխարհագրությունն ու բնույթը, վերածել այն ռեգիոնալ մեծ պատերազմի, հետեւաբար նաեւ՝ ըստ էության համաշխարհային պատերազմի ակտիվ նոր կետի: Իսրայելը դա անում է այսպես ասած լա՞վ, թե՞ վատ օրից: Թերեւս ոչ լավ օրից: Ըստ իս, Իսրայելը փնտրում է նոր աշխարհակարգի համար այս պատերազմում իր կայուն «բաժնեմասը»: Իրանն այդ առումով, ձեւավորել է ավելի մեծ խաղի կարողություններ: Իրանը խաղում է ավելի մեծ, անհամեմատ մեծ դիապազոնով, քան Իսրայելը: Իրանն անգամ Լատինական Ամերիկայում է գործում:

Հետեւաբար, այստեղ հետ չմնալու, չզիջելու, չսեղմվելու համար Իսրայելին պետք է ճակատամարտ Իրանի հետ, որովհետեւ, այդ դեպքում կգան նաեւ մյուս խոշորները, կգան կամ բաժանելու կամ իրենց փայը տանելու, եւ խաղը ըստ էության «կհավասարվի»՝ նվազագույնը:

Չմտնելով պատերազմի մեջ, կարճաժամկետում Իրանը թողնում է տպավորություն, որ՝ պարտվում է, որ իր հետ Իսրայելը վարվում է ինչպես ուզում է, կամ Իսրայելի միջոցով՝ ԱՄՆ կամ Բրիտանիան: Բայց, չմտնելով այդ մեծ պատերազմի մեջ, Իրանը երկարաժամկետում շարունակում է գերազանցել Իսրայելին, որովհետեւ ունի աշխարհաքաղաքական պրակտիկ խաղի ավելի մեծ դիապազոն, ռազմավարական համբերատարության ավելի մեծ պաշար:

Կարծում եմ, այստեղ է բուն հարցը:

Հ.Գ. ավելորդ չեմ համարում ճշգրտել, որ, երբ խոսում ենք հաղթանակի կամ պարտության մասին, ընդ որում ոչ միայն Իրանի կամ Իսրայելի, այլ ընդհանրապես աշխարհաքաղաքականության խոշոր սուբյեկտների, այդ հասկացությունները պետք է կիրառենք եւ ընկալենք հարաբերականության պայմանով, այլ ոչ բացարձակության:🇮🇷🇮🇱🇺🇸🇬🇧🇷🇺🇹🇷🇨🇳🇫🇷
🔴🔴🔴 Հարգարժան քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հարց է բարձրացրել ՄԱԿ ԳԱ շրջանակում ԱՄՆ նախագահ Բայդենի կազմակերպած ընդունելությանը Նիկոլ Փաշինյանի, ընդհանրապես Հայաստանից պաշտոնյայի՝ նաեւ ԱԳ նախարարի չմասնակցության վերաբերյալ: Նա չմասնակցելու պատճառ է դիտարկում այն, որ Բայդենը հեռացող նախագահ է, ու ըստ այդմ Փաշինյանը չի կարեւորել նրա կազմակերպած
ընդունելությունը:

Ինչ խոսք, հնարավոր է: Սակայն, այդ առնչությամբ կդիտարկեմ նաեւ այլ հանգամանք, առաջարկելով, ի դեպ, ուշադրության արժանացնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հայտարարությունը՝ ԱՄՆ ու Եվրոպան «խաբել են Իրանին»՝ Իսրայելին չհարվածելու դիմաց խոստանալով հրադադար Գազայում:

Սա քաղաքականության էության մասին: Ըստ իս, Փաշինյանի չմասնակցելը խորքային առումով պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ Բայդենը հեռացող է, այլ, որ Բայդենը ինչ որ բան է «խոստացել» ու չի արել: Իհարկե այս պարագայում խոստում ասվածը հարկ է դիտարկել թերեւս նաեւ հարաբերական, պայմանական, սակայն տվյալ պարագայում բուն խնդիրն այն է, որ Փաշինյանը խոշոր հաշվով Բայդենի վարչակազմից չի ստացել այն, ինչ ակնկալելով օրինակ ընդունել է ժողովրդավարության նրա կազմակերպած ֆորումներին մասնակցելու հրավերը:

Այլ կերպ ասած, Փաշինյանը մասնակցել է, ակնկալելով Ադրբեջանի հանդեպ տարբերակված մոտեցում, սակայն այդ տարբերակումը բոլորովին չի ստացել գործնական դրսեւորում: Ավելին, հնարավոր է, առավել գործնականություն ունեցել է Ադրբեջանի հետ հարաբերությունը:

Կրկնեմ, ես չեմ կարող պնդել այս վարկածը, բայց կարծում եմ չմասնակցության առավել հավանական տարբերակն այստեղ է, այլ ոչ թե պարզապես Բայդենի՝ հեռացող լինելու հանգամանքը: Որովհետեւ, չմասնակցելը վերաբերմունք չէ միայն Բայդենի հանդեպ: Ավելին, բոլորն են հասկանում, որ Բայդենը գուցե նույնիսկ ֆիզիկական, առողջական իմաստով ի վիճակի չէ մտապահել անգամ մեկ հրավիրյալի եւ գուցե շատ մեծ բարդությամբ հիշի, թե ով է Փաշինյանը:

Բայց, աշխատակազմը, վարչակազմը բնականաբար այդ ամենի տնօրինողն է, հետեւաբար վերաբերմունքը վարչակազմի հանդեպ է: Իսկ Փաշինյանն անկասկած լավ տարբերակում է, որ Բայդենն է հեռացող, իսկ վարչակազմի հարցը բոլորովին այլ կատեգորիա է՝ ով է հեռանալու, ով է մնալու, կամ ինչ «ինստիտուցիոնալ հիշողություն» է փոխանցվելու:

Ըստ իս, հենց այդ ամենը հաշվի առնելով էլ եղել է «չմասնակցություն»:

Հիմնավո՞ր, թե՞ ոչ: Սա միարժեք ասելը բարդ է: Ի վերջո, եթե Հայաստանի վարչապետն ունեցել է ակնկալիք, որ ժողովրդավարության ֆորումին Հայաստաննին հրավիրելն ու Ադրբեջանին չհրավիրելը իրական քաղաքականության ռեժիմում տալու էր տարբերություն, ապա դա Հայաստանի վարչապետի խնդիրն է, ոչ թե Սպիտակ տան:

Ինչպես օրինակ՝ Իրանի խնդիրն է, եթե նրան «խաբել» են, այլ ոչ թե ԱՄՆ ու Եվրոպայի:

Իհարկե այլ հարց է հնարավոր մյուս ասպեկտը՝ հնարավոր է որեւէ մեկը որեւէ դրվագում, ինչն որ հաշվարկներից ելնելով, նաեւ ինքն էլ դեմ չլինի, որ իրեն «խաբեն»:🇦🇲🇺🇸
💥 Այսօր դաշտ նետվեց տեղեկություն, թե՝ իրավապահների ձեռքում է հայտնվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի համակարգիչը, որ նա օգտագործել է 2009-14 թվականներին եւ որում վերականգնել են բազային տվյալները, որոնք վերաբերում են, թե ինչ լրատվամիջոցների, ինչ գործիչների է ֆինանսավորել Մինասյանը:

Անկասկած շատ ուշագրավ «արտահոսք» է, որն արժե դիտարկել «շուռումուռ» տալով:

Ես մտածում եմ այսպես: Եթե «հաղորդագրությունը» հասցեագրված լիներ հենց Միքայել Մինասյանին, ապա կարծում եմ դա միանգամայն հնարավոր էր անել շատ ավելի արագ եւ այսպես ասած անաղմուկ, գտնելով նրան միանգամայն համոզիչ տեղեկացնելու ձեւը՝ որ այդ տվյալները իշխանության տնօրինման ներքո են:

Ըստ այդմ, թերեւս Մինասյանին ուղված հաղորդագրություն չէ արտահոսքը:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ու՞մ: Առաջին պատասխանը ըստ երեւույթին այն է, որ, «արտահոսքը» հաղորդագրություն է մարդկանց, որոնք կան ցուցակում: Իմաստը թերեւս այն է, որ նրանք մտածեն, որ գտնվում են խոշորացույցի ներքո: Արդյո՞ք իշխանությունն ունի մտավախություն, որ Մինասյանը կարող է այդ մարդկանց միջոցով փորձել ձեւավորել որոշակի հասարակական-քաղաքական ազդեցության ռեսուրս, ինչն էլ կանխելուն է միտված «արտահոսքը»:

Թե՞ հենց իշխանությունն է փորձելու «վերցնել» այդ ռեսուրսը, իսկ «բազան» կարող է ծառայել այդ մարդկանց այսպես ասած շանտաժի միջոց:

Բոլոր դեպքերում, «արտահոսքը» ըստ էության հնարավոր է համարել առաջիկա ընտրական գործընթացին ընդառաջ առաջին «կոմպրոմատային» քայլը:

Բայց, այստեղ նաեւ ուշադրության է արժանի դետալը՝ ինչու հենց 2009-2014 թվականների ժամանակահատված: Չէ՞ որ կարող էին չգրել ժամանակահատվածը, բաց թողնել ինֆորմացիան այսպես ասած «անժամկետ» տրամաբանությամբ:

Հետեւաբար պետք է ենթադրել, որ ժամանակային այդ «մակնշումը» ունի հատուկ նպատակ, հատուկ «իմաստ»: Ըստ իս, դա թերեւս հուշում է,կամ թույլ տալիս դիտարկել տարբերակ, որ «արտահոսքի» հասցեատերերն իրականում Հայաստանից դուրս գտնվող սուբյեկտ է: Ինչու՞ եմ կարծում այդպես:

Պարզապես արժե հիշել, թե ի՞նչ գործընթացներ էին քաղաքական իմաստով գերական 2009-2014 շրջանում. հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն, Եվրաասոցացման գործընթաց:

Պարզապես զուգադիպությու՞ն է, որ «արտահոսքը» ըստ էության հաջորդում է վարչապետ Փաշինյանի՝ Նյու Յորքից վերադարձին, որտեղ տեղի ունեցավ նրա հանդիպումն Էրդողանի հետ, ու տեղի չունեցավ հանդիպում Մակրոնի հետ, որն այդպես էլ չշնորհավորեց Հայաստանի անկախության տարեդարձը:
💥Իսրայելական բանակը ցամաքային գործողության է անցել Լիբանանի տարածքում։ Ի դեպ, հիշեցնեմ, որ Լիբանանի հարավում կան ՄԱԿ խաղաղապահներ։ Թեեւ իհարկե սկանդինավյաններն են ամենաուժեղը։ 😉
🔴🔴 Գործնականում, Իսրայելն իհարկե բարդ վիճակում է, եթե չընտրվի Տրամպը։ Հատկապես, որ ազդարարվել է նաեւ` Հարրիսը չի պահելու Բլինքենին ու Սալիվանին, որոնք Բայդենի վարչակազմում "իսրայելահեններն" են։ Հարրիսը հիմա իհարկե լոյալ է լինելու, հրեաներին ԱՄՆ֊ում իր դեմ չտրամադրելու համար։ Բայց ընտրվելու դեպքում ըստ ամենայնի կաճի Սպիտակ տան ու Թել Ավիվի միջեւ ներքին լարվածությունը։
💥 Իսրայելը մեկ տարի է հողին է հավասարեցնում Գազան, սակայն ՀԱՄԱՍ-ը վերացված չէ: Լիբանան ներխուժած Իսրայելը հայտարարում է, որ զուգահեռ շարունակելու է ՀԱՄԱՍ-ի դեմ կռիվը Գազայում: Հըզբոլլահը շատ ավելի ընդգրկուն եւ ուժեղ կառույց է, քան ՀԱՄԱՍ-ը: Լիբանան ներխուժելով Իսրայելը վերացնելու՞ է Հըզբոլլահը: Իհարկե ոչ:

Թել Ավիվը, Նաթանյահուի կաբինետը անկասկած գիտե դա: Նա չի մտել Լիբանան Հըզբոլլահը վերացնելու: Նա մտել է Լիբանան, որպեսզի Իսրայելը «չվերանա» իր ներկայիս տեսքով: Բայց Նաթանյահուի եւ ընդհանրապես իսրայելական ներկայիս վարչակարգի համար ամբողջ խնդիրն այն է, որ Իսրայելի՝ ներկայիս տեսքով վերանալու «պատճառով» փորձում են կանխել «վերանալը», քանի որ գործնականում չկա այլ ճանապարհ: Ներեցեք տափակաբանության համար, բայց՝ «վերանալու» դեմ պայքարում են խորացնելով «վերանալու» պատճառները եւ ռիսկերը:

Մերձավոր Արեւելքում շատ վաղուց փոխվել է ուժերի հարաբերակցություն, հետեւաբար դա պետք է բերի Թել Ավիվի հանդեպ ԱՄՆ քաղաքականության փոփոխության, որովհետեւ Վաշինգտոնն իր հերթին մեծ սխալ գործած կլինի, եթե հաշվի չառնի ուժերի նոր հարաբերակցությունը:

Նաթանյահուի հույսը գուցե այն է, որ Տրամպի վարչակազմի պարագայում, հնարավոր կլինի դեռ որոշակի ժամանակ էլ ամերիկյան քաղաքականությունը պահել այսպես ասած նախկին տրամաբանության մեջ: Բայց, եթե մնաց դեմոկրատական վարչակազմ, իսկ դրա հավանականությունը բավականին բարձր է, Իսրայելի հանդեպ ամերիկյան քաղաքականությունը դանդաղ, բայց համառ ու հետեւողական փոխվելու է:

Եվ բոլորովին օրեր առաջ եղել է դրա օրինակ մի ակնառու նշան: 1971 թվականից՝ պետության կազմավորումից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով Վաշինգտոն էր ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը: Սպիտակ տանը նրան ընդունել եւ եւ կարգել «արտաբլոկային դաշնակից»: Եվ էականը՝ Վաշինգտոն այցից հետո տարածվեց տեղեկություն, որ Արաբական Էմիրությունները կարող են դառնալ չիպերի արտադրության համաշխարհային կենտրոն: Սա ըստ էության նշանակում է փոխարինել Թայվանին: Ինքնին այս հարցը ուշադրության է արժանի ամերիկա-չինական դիմակայության համատեքստում, բայց նաեւ Մերձավոր Արեւելքում ուժերի հարաբերակցության:

Ընդ որում, բոլորովին բացառված չէ, որ Լիբանան ներխուժման որոշման հարցում իր ազդեցությունն է ունեցել նաեւ ԱՄԷ նախագահի Վաշինգտոն կատարած առաջին պաշտոնական այցի եւ այնտեղ ձեռք բերած պայմանավորվածությունների հանգամանքը:
Hakob Badalyan
💥 Արդարադատության նախարարի եւ փոխնախարարի շուրջ կամ առիթով ծավալված ներիշխանական պատմությունն իհարկե ուշադրության է արժանի ոչ թե վասն բովանդակության, այլ իշխանական օրգանիզմի վրա արտաքին ազդեցությունների իմաստով: Ըստ իս, որքան էլ չնշմարվի այդպիսի պատճառահետեւանքային…
💥 Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է հրաժարականի մասին: Նրա հայտարարության մեջ կա մի ուշագրավ պարբերություն. «խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»:

Չգիտեմ, հարգարժան նախարարը ինչ պատճառներ ուննի այդ ձեւակերպման համար, բայց զուտ խորհրդարանական կառավարման տրամաբանության տեսանկյունից դա բոլորովին համարժեք գնահատական չէ: Ավելին, մեղմ ասած ցանկալի չէ, երբ որեւէ կառավարություն ամբողջությամբ, կամ որեւէ նախարար, կամ նույնիսկ վարչապետը խորհրդարանում ունենում են մեծամասնության բոլոր պատգամավորների հավանությունը:

Չի լինում այդպես եւ ոչ մի խորհրդարանական կառավարման համակարգում: Ավելին, դա ըստ էության դեմ է այդ համակարգի, այդ մոդելի սկզբունքին: Այդ մոդելի փիլիսոփայական եւ կոնցեպտուալ էական առանձնահատկություններից մեկն այն է, որ ձեւավորվում է անհատական պատգամավորական մանդատի առաջնայնության ինստիտուտը:

Վստահ եմ, այդ ամենը հիանալի պատկերացնում է նաեւ Գրիգոր Մինասյանը: Ինչպես ասել եմ օրեր առաջ, նրա հրաժարականի թեման չէր կարող գեներացվել առանց Նիկոլ Փաշինյանի իմացության եւ «կոճակը սեղմելու»: Իսկ, եթե դա այդպես չէ, ապա «կոճակ սեղմողը» այլ տեղ է, իսկ 27 պատգամավորները ընդամենը «միջոցը»:

Ի դեպ, եթե խոսենք նախարարի պաշտոնավարման խնդրահարույց լինելու մասին, ապա այդ տեսանկյունից առավել խնդրահարույցը այն էր, համենայն դեպս ըստ բաց աղբյուրներում պարբերաբար հրապարակվող տեղեկատվության, որ նախարարը եւ ԲԴԽ նախագահի կինն ունեցել են ըստ էության համատեղ սեփականություն: Սա օրինակ, կառավարման որեւէ մոդելի պարագայում, պաշտոնավարման տեսանկյունից պետք է լիներ խնդրահարույց:

Եթե դա խնդրահարույց չէր, շատ միամիտ է մտածել, որ 27 պատգամավոր, որոնք Նիկոլ Փաշինյանին տեսնելիս կարող են նույնիսկ միմյանց հրելով պայքարել նրան այդ պահին այդ տեղում առավել մոտ գտնվելու, կանգնելու, նրա տեսադաշտում գտնվելու համար, կարող էին Փաշինյանին ներկայացնել որեւէ նախարարի պաշտոնանկության «ինքնաբուխ» պահանջ:

Հետեւաբար, ինչպես արտահայտել եմ կարծիքս օրեր առաջ, Հայաստանի այսպես ասած ներիշխանական դաշտում տեղի է ունենում «թեստային ստուգում»: Դա իրականացնում է կամ Նիկոլ Փաշինյանը, կամ որեւէ ուժ, որը դե ֆակտո գերակա է նրա հանդեպ:

Ի դեպ, արդարադատության նախարարի շուրջ կուլմինացիան ունի արդեն մի քանի օրերի պատմություն՝ երբ հրաժարական տվեց դրանից շատ կարճ ժամանակ առաջ նշանակված փոխնախարարը: Թվում էր, թե դրանից հետո Գրիգոր Մինասյանի հրաժարականը պետք է լիներ ժամերի հարց, բայց՝ նա հրաժարական է տալիս օրեր անց միայն: Եվ, ուշադրություն, նա հրաժարականի մասին հայտարարությունը փաստորեն հաջորդում է նախօրեին մամուլում հայտնված արտահոսքին, որ իրավապահների ձեռքում է հայտնվել Գրիգոր Մինասյանի եղբոր՝ Միքայել Մինասյանի 2009-14 թվականներին գործածված համակարգչի տվյալների բազան:

Այդ թեմային անդրադարձել եմ նախօրեին, կարող եք ծանոթանալ մի քանի գրառում վերեւ:
🔴🔴🔴 Ապշել կարելի է, թե դեռ քանի տարի է հնարավոր մեր հանրությանը զբաղեցնել «նախկինների» թեմայով, «կերակրել» նախկինների թեմայով:

Ըստ էության, հնարավոր է թերեւս այդ թեման դիտարկել որպես մեր հանրային գիտակցության, հանրային հասունության ինդիկատոր: Որքան այդ թեման «անցնում» է, այդքան նշանակում է, որ մեր հանրային գիտակցությունը, հանրային պատկերացումները, հավաքական մտածողությունը անկման ռեժիմում են:

Իսկ դա նշանակում է, որ այդ հանրությամբ պետականությունը չի կարող կենսունակ լինել արտաքին որեւէ մարտահրավերի հանդեպ:
💥 Երկու օր առաջ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը Նյու Յորքից վերադառնալով հայտարարեց, որ ԱՄՆ ու Եվրոպան խաբել են՝ խոստացել են Գազայում հրադադար, միայն թե Իրանը ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության համար չհարվածի Իսրայելին: Այդ առնչությամբ նկատել էի, որ, երբ Իրանը հայտարարում է բաց տեքստով, բարձր մակարդակով, որ իրեն խաբել են, ուրեմն դրան պետք է հետեւի գործողություն, պետք է հետեւի քայլ, որը տարբերվելու է «խաբվելու» պահի վարքագծից: Այժմ, Իրանը մի քանի հարյուր հրթիռ է արձակում Իսրայելի ուղղությամբ: Արդեն իսկ կան տեսանյութեր, թե ինչպես է դրանց մի մասը հասնում թիրախներին: Որքանը կհասնի, որքանը կխփվի, սա գուցե ստույգ չենք էլ իմանա, քանի որ Իսրայելն իհարկե տեղեկատվական մակարդակում կանի ամեն ինչ՝ հարվածի հետեւանքը փոքր ներկայացնելու համար: Սա նշանակու՞մ է, որ Իրանը մտնում է պատերազմի մեջ: Ըստ իս՝ ոչ: Եվ դրա բացատրությունը Փեզեշկիանի հայտարարությունն էր՝ «մեզ խաբել» են: Եվ այն, որ Վաշինգտոնից ու Եվրոպայից ըստ էության ոչ ոք չասաց, թե՝ ոչ, ձեզ ոչ մեկը չի խաբել, ըստ էության վկայություն է, որ նրանք ճանաչել են Իրանի հարվածի իրավունքը:
🔴🔴🔴 Ըստ իս, Իրանն ու Սպիտակ տունն Իսրայելին ցույց են տալիս «վերմակի» եւ ոտքերի հարաբերակցությունը: Երբ Իրանի նախագահը հայտարարում է, որ ԱՄՆ մեզ խաբեց, իսկ ԱՄՆ չի առարկում, որ խաբել է, նշանակում է ինչ որ բան է համաձայնեցված:

Փեզեշկիանի արտահայտությունից հետո գրեցի, որ այդպիսի «խոստովանությունը» նշանակում է, որ Իրանը պետք է անի ինչ որ բան:

Միայն առերեւույթ կարող է թվալ, որ Թեհրանի հարվածի պատճառը Լիբանանի հարավում Իսրայելի ցամաքային գործողության մեկնարկն էր:

Ըստ իս, հարվածը համաձայնեցվել է Փեզեշկիանի Նյու Յորք այցի ընթացքում:

Այո, կարող է հնչել տարօրինակ, թե ինչպես կարող է Իսրայելի դաշնակից ԱՄՆ համաձայնի, որ Իրանը թիրախավորի Իսրայելին: Իսկ ինչպե՞ս կարող է Իսրայելի դաշնակից ԱՄՆ թույլ տալ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները դառնան չիպերի արտադրության կենտրոն՝ Թայվանի փոխարեն:

Թայվանում բացվում է մարտադաշտը, ո՞ր պահի համար, բարդ է ասել, բայց մարտադատը բացվում է, իսկ չիպերի արտադրության իրավունքը տրվում է ԱՄԷ-ին, ինչը խորության մեջ նշանակում է, որ Էմիրությունները ստանում են ռեգիոնում ռազմատեխնիկական տեխնոլոգիական հենակետի կարգավիճակ: Այդ պետության ստեղծումից ի վեր առաջին անգամ ԱՄԷ նախագահի այցը ԱՄՆ, չի լինում հենց այնպես, պարզապես լինելու համար:

ԱՄՆ ընդունել է ի գիտություն, որ Մերձավորարեւելյան-ծոցի ռեգիոնում փոխվել է ուժերի բալանսը, էապես փոխվել է: Դա ի գիտություն ընդունել չի ուզում Իսրայելը: Բացատրելու հարցում Իրանը կլինի ԱՄՆ լռելյայն, բայց գլխավոր գործընկերը, որովհետեւ Վաշինգտոնի համար բոլորովին ցանկալի չէ հենվել Իսրայելի վրա, երբ ռեգիոնում մնացյալ բոլորի վրա կարող է հենվել Պեկինը:
💥⚡️ Բնական է չէ, որ Իսրայելը պետք է հայտնի հրթիռների մեծ մասը որսալու, ոչնչացնելու մասին, եւ հայտարարի, որ իրանյան հարվածի վնասը չնչին է:

Ծանոթ եք չէ՞ տեղեկատվական պատերազմ հասկացությանը:

Միեւնույն ժամանակ, համացանցը լի է տեսագրություններով, թե ինչպես են իրանյան հրթիռնները պարզապես «թափվում» Իսրայելի գետնին: Ընդ որում, երբ հրթիռը խփվում է օդում, դա բավականին տեսանելի է: Իսկ տեսագրություններում հազվադեպ են այդպիսի դրվագները:

Այլ հարց է, հրթիռները, որ հասնում են գետին, ի՞նչ թիրախ են խոցում:

Բայց ակնառու է, որ Իրանը հասցրել է ուժգին հարվածը, որի գլխավոր «մեսիջը», ըստ իս, կրկնեմ՝ Իսրայելին իր խոցելիությունը ցույց տալն է::

Բնական է, որ սա չի բերելու մերձավորարեւելյան պատկերի որեւէ կտրուկ փոփոխության: Եթե լինելու են փոփոխություններ, ապա առայժմ գերազանցապես սակարկությունների սենյակներում: Առժամանակ հետո գուցե դրանք կերեւան հանրություններին:

Առայժմ իհարկե բարձրանում են խաղադրույքները:

Դե, իսկ հայ հանրությունը զբաղվում է իր սիրած գործով՝ մի մասն Իրանին երկրպագելով, մյուս մասը՝ Իսրայելին:
💥 Իրանն ու Իսրայելը, նրանց միջեւ կոնֆլիկտը, դրա էթնո-քաղաքական, դավանա-քաղաքական, աշխարհաքաղաքական եւ աշխարտնտեսական շերտերը դիտարկելիս, թերեւս շատ կարեւոր է չընկնել մի «ծուղակ»: Այդ «ծուղակը» մոտավորապես հետեւյալն է. Իրանն իրենից բան չի ներկայացնում եւ Իսրայելը կվարվի ինչպես ուզում է, Իսրայելը իրենից բան չի ներկայացնում Իրանը կհավասարեցնի հողին՝ երբ ցանկանա:

Սա մեղմ ասած չափազանց անլուրջ է, անգամ երբ դիտարկվում է շարքային մակարդակում, ես էլ չեմ ասում արդեն մասնագիտական մակարդակում դիտարկումների այդպիսի շեշտադրման անլրջության մասին:

Թե Իրանը, թե Իսրայելը առնվազն ռեգիոնալ գերտերություններ են: Ինչու՞ առնվազն: Որովհետեւ նրանք ունեն նաեւ ավելի ընդգրկուն խաղի հնարավորություններ, տարբեր կերպ: Իհարկե այդ առումով, ըստ իս, ուղիղ իմաստով Իրանի շրջանակն ավելին է: Այդ հանգամանքին անդրադարձել էի երկու օր առաջ;

Բայց, բոլոր դեպքերում, երկու երկրները ունեն շատ մեծ ռազմա-քաղաքական պոտենցիալ: Այո, ունեն նաեւ խոցելիություն՝ փոխադարձ խոցելիություն: Հետեւաբար մոտեցումը, թե «սա նրան կուտի» կամ «նա սրան կուտի», մեղմ ասած լուրջ չէ: Նաեւ այն պատճառով, որ միայն Իրանն ու Իսրայելը չեն: Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական դիմակայության խտությունը միշտ եղել է բարձր, բայց այսօր գերբարձր է: Գերբարձր է, որովհետեւ այնտեղ շահերը հետապնդող ավանդական գերտերություններից, ուժային կենտրոններից զատ՝ ԱՄն, Ռուսաստան, Բրիտանիա, Ֆրանսիա, այսօր բավականին ակտիվ ներգրավում են ստանում ուժային բալանսի տեսանկյունից էապես ավելացրած արաբական միապետությունները, Թուրքիան, նաեւ Չինաստանը, Հնդկաստանը:

Խառնարանը պարզապես «գերհագեցած» է:
⚡️⚡️⚡️ Մի լսեք Իսրայելի հասցեին Էրդողանի հոխորտանքները:

Ավելի շուտ՝ լսեք իհարկե, բայց դրանք թերեւս համատեղ խաղը քողարկող հոխորտանքներ են: Համատեղ խաղ, որի «մարզչի» դերում թերեւս Բրիտանիան է՝ մերձավորարեւելյան ռեգիոնի վերաձեւման իր պատկերացումով:

Իրանի հրթիռայյին հարվածի մոտիվները իհարկե բազմաշերտ են, ու դրանցում թերեւս պետք չէ բաց թողնել Թուրքիայի հանգամանքը: Ուշադրության էր արժանի Էրդողանի հայտարարությունների տրամաբանությունը, կապված Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների հետ: Էրդողանը նուրբ, բայց բավականին թափանցիկ ձեւով փորձում էր ձեւավորել Լիբանան թուրքական ռազմական, հետեւաբար ռազմա-քաղաքական մուտքի «հիմքը»՝ Իսրայելի գրոհի վրա:

Այս հարցն է թերեւս եղել նաեւ Նյու Յորքում Մակրոն-Փեզեշկիան հանդիպման առանցքային հարցերից մեկը: Հիշեցնեմ, որ նրանք օրեր առաջ Նյու Յորքում քննարկել են Լիբանանը: Լիբանանը, որը Մերձավոր Արեւելքում Ֆրանսիական ներկայության «հենքն» է: Կարելի է պատկերացնել, թե ինչ է նշանակելու Ֆրանսիայի համար, եթե Իսրայելի ագրեսիայից «պաշտպանելու» համար Լիբանան մտնի Թուրքիան:

Իսկ ի՞նչ էր հայտարարում Էրդողանը երկու օր առաջ: Հայտարարում էր, որ Լիբանան Իսրայելի ներխուժումը չի ավարտվի այնպես, ինչպես նախկինում: Այլ կերպ ասած, «նախկինում մենք չենք մտել, այս անգամ՝ կմտնենք պաշտպանելու»:

Իրանի հարվածը Իսրայելին ու հայտարարությունները, որ պետք չէ դուրս գալ Իրանի դեմ, թերեւս հասցեագրված է ոչ միայն Թել Ավիվին, այլ նաեւ Թեկ Ավիվի ագրեսիայի վրա սեփական ծրագրեր կառուցող Թուրքիային՝ Լիբանանը քո գոտին չէ, չփորձես մտածել այնտեղ հայտնվելու մասին:

Կթողնի՞ Անկարան այդ միտքը: Այդ հարցի պատասխանը թերեւս Անկարայում չէ, այլ Լոնդոնում, որի համար Թուրքիան մերձավորարեւելյան անխուսափելի վերաձեւումների գործընթացում առանցքային «գործիքներից» մեկն է: Իհարկե սա ինքնին չի նշանակում, որ Անկարան բացարձակ գործում է Լոնդոնի հրահանգներով: Էրդողանն իհարկե կայացնում է ինքնուրույն որոշումներ:
🌞 Վաղվանից տասը օր փոքրիկ ամառ, գրում է հիդրոմետի Սուրենյանը:
Փաստացի, Իսրայելին իրանական զանգվածային հարվածից առայժմ միայն Սուրենյանն է արել ճիշտ հետեւություն: 😉
💥 Ըստ մամուլի հրապարակման, Հայաստանի ԱԳ նախարարը վարշավյան անվտանգության ֆորումում հայտարարում է, որ հայ ժողովրդի մոտ կա ահռելի հիասթափություն Ռուսաստանից, որը չպաշտպանեց մեզ, եւ մարդիկ հիմա որեւէ պատճառ չեն տեսնում իրենց ամբողջապես ԵՄ հետ չկապելու համար:

Այն, ինչ ասվում է Ռուսաստանի առնչությամբ, անկասկած միանգամայն ճիշտ է: Բայց, դա նշանակու՞մ է ինքնաբերաբար, որ չկա «Եվրամիության հետ ամբողջապես չկապվելու պատճառ»: Ինչպե՞ս կարող է արտաքին գործերի նախարարը իր ելույթում ստանալ ըստ էության երկու ծայրահեղություն:

Ի՞նչ է նշանակում «մարդիկ չեն տեսնում ամբողջապես Եվրամիության հետ չկապվելու պատճառ»: Եթե Հայաստանի ԱԳ նախարարն ուզում է այդ ձեւակերպումն այսպես ասած «վաճառել» Եվրամիության վրա, ապա դա կարծում եմ չափազանց միամիտ է:

Եթե ոչ, ապա չափազանց միամիտ է այն, որ Հայաստանի ԱԳ նախարարը փաստորեն անվտանգության ֆորումում հայտարարում է, որ հայ ժողովուրդը մի տանիքից հիասթափվել է, հիմա պատճառ չի տեսնում չընդունել Եվրամիության «տանիքը»:

Սա է ասվում, ըստ էության: Եվ այն էլ մի աշխարհում, որտեղ տեսնում ենք, թե որքան են բարձրանում խաղադրույքները ամենուրեք: Մինչդեռ, Հայաստանի ԱԳ նախարարն իր ելույթում իջեցնում է խաղադրույքը Հայաստանի համար: Միջազգային անվտանգության թեմայով համաժողովում պետք է ձեւակերպել Հայաստանի անվտանգության նշաձողերը, բայց դրա փոխարեն փաստորեն ասվում է, որ դրանք այնքան ցածր են, որ «չկա Եվրամիության հետ ամբողջապես չկապվելու պատճառ»:

Ինչպե՞ս թե չկա: Կամ,ինչպե՞ս կարող է չլինել: Եվ սա ոչ միայն Եվրամիության, այլ ըստ էության բոլորի մասով: Ինչպե՞ս կարող է այսօօրվա աշխարհում չլինել Եվրամիության, ԱՄՆ-ին, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, կամ որեւէ այլ պետության հետ «ամբողջապես չկապվելու» պատճառ: Այդ աստիճան ցա՞ծր են Հայաստանի պահանջմունքները, թե՞ չկան ընդհանրապես:
🔥 Ալիեւը հայտարարում է, թե, եթե Հայաստանն ուզում է խաղաղություն, ապա պետք է պատժի «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին», որոնց Հայաստանում հերոսացրել են:

Թերեւս չկա «թարգմանության» կարիք, որ խոսքը պարզապես ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում էական դեր ունեցած մարդկանց մասին է: Դե, այն, որ այդ իմաստով Բաքուն «նշանառության» վերցրել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, կարծես թե անգամ բարձրաձայնել են տարբեր առիթներով: Թե էլ ու՞մ են ներառել «պատժի» ենթակաների իրենց ցանկ, կամ կերեւա ժամանակի ընթացքում, կամ կներկայացնեն այսպես ասած կուլիսներում:

Այստեղ ամենեւին քմահաճույք, կամ այսպես ասած խաղաղության պայմանագրից խուսանավելու պատրվակի հարց չէ, ինչպես կարող է թվալ շատերին: Սա հետեւողական քաղաքականության հարց է, որի նպատակը Հայաստանի պետական ինքնության «ապամոնտաժումն» է: Չէ՞ որ այդ պետական ինքնության կարեւոր մաս է եղել նաեւ նորագույն պատմության արցախյան պայքարի էջը, թե քաղաքական, թե ռազմական՝ ռազմա-քաղաքական իմաստով: Դա ամենեւին ոչ իդեալական, բյուրեղյա, բայց բավականին կուռ մի էջ է, որտեղ հայկական գործոնը դրսեւորվել է թե ռազմական, թե քաղաքական մտքով, կամքով, իր համատեքստում պարունակելով նաեւ դավանա-քաղաքականության կարեւոր շերտ:

Բաքվի խնդիրն այդ ինքնությունն ապամոնտաժելն է, որի շրջանակում հերթական թիրախը բարձրաձայնվում է Ալիեւի մակարդակով:
🔴 Փորձը ցույց է տալիս, որ, երբ խորհրդարանում վարչապետ-ընդդիմություն ձեւաչափով ծավալվում է 44-օրյա պատերազմի եւ արցախյան թեմայի «թեժ քչփորում», ուրեմն արտաքին միջավայրում կան խնդիրներ:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու բազմիցս, չնայած ներքին քաղաքական պրոցեսների մեղմ ասած անորակությանը, Հայաստանը՝ որպես քաղաքական օրգանիզմ, ունի «դիմակայունության» այդ «պոտենցիալը»: Այո, ամեն ինչ չակերտներով, բայց կա այն, ինչ կա, եւ ըստ էության «բնազդաբար» սկսում է գործել այն, ինչ կա:

Հետեւաբար, երբ «եղածն» սկսում է «գործել», ապա դա ազդակ է, որովհետեւ դա նշանակում է, որ «ալիբիի» ծավալումը ստանում է դինամիկ ռեժիմ:
💥 Իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանին դեռ չի՞ հրավիրել հարցաքննության՝ «սիրու՞մ ես հայրենիքդ, հզորացրու պետությունդ» հենց վարչապետական կարգախոսի ներքո:

Չէ՞ որ պետության կանխավարկածը պարտադիր է դարձնում վարչապետի հարցաքննությունը, երբ նա հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի «պայմանավորված սցենարի» վերաբերյալ ունի այնքան ինֆորմացիա, որ դրա կեսն անգամ չունի ամբողջ իրավապահ համակարգը միասին վերցրած:

Կրկնեմ, այդպիսի հայտարարության պարագայում պետության կանխավարկածը ենթադրում է, որ վարչապետ Փաշինյանն արդեն իսկ պետք է ստացած լիներ իրավապահ կառույցին ներկայանալու եւ ցուցմունք կամ վկայություն տալու ծանուցում:
2024/10/06 02:33:41
Back to Top
HTML Embed Code: