Telegram Web
Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանն ստորագրել է հրամանագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։

Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների, այդ թվում` զենքը վայր դրած զինծառայողների, նրանց տրանսպորտային միջոցների և ունեցվածքի ազատ, ինքնակամ և անխոչընդոտ ելքը Լաչինի միջանցքով և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով` որոշում է ընդունվել․

1) մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթական կազմակերպությունները և Լեռնայն Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։

2) Լեռնային Ղարաբաղի բնակչությանն, այդ թվում՝ հանրապետության սահմաններից դուրս գտնվող, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանալ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորությունը ինքնուրույն և անհատապես որոշելու նպատակով։

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես հրապարակվելու պահից։

***

Президент Республики Арцах Самвел Шахраманян подписал указ о действиях, вытекающих из ситуации, создавшейся
после 19 сентября 2023 года.

Согласно указу, в связи с создавшейся сложной военно-политической ситуацией, исходя из приоритета обеспечения физической безопасности и жизненных интересов народа Арцаха, учитывая договоренность, достигнутую при посредничестве командования российского миротворческого контингента с представителями Азербайджанской Республики о том, что обеспечивается свободный, добровольный и беспрепятственный проезд жителей Нагорного Карабаха, включая военнослужащих, сложивших оружие, со своим имуществом на их транспортных средствах по Лачинскому коридору, и руководствуясь статьей 93 Конституции Нагорного Карабаха, принято решение:

1. Распустить все государственные учреждения и организации, находящиеся в их ведомственном подчинении до 1 января 2024 года, и Республика Нагорный Карабах (Арцах) прекращает свое существование.

2. Населению Нагорного Карабаха, в том числе находящимся за пределами республики, после вступления данного Указа в силу, ознакомиться с условиями реинтеграции, представленными Азербайджанской Республикой, с целью принятия в дальнейшем самостоятельного и индивидуального решения о возможности пребывания (возвращения) в Нагорном Карабахе.

Данный Указ вступает в силу сразу после публикации.
Սիրելի՛ հայրենակիցներ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։

Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։

Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

[ԱՀ ՆԳՆ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են այսօր` սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ` տրանսպորտով (ավտոբուսներով) Հայաստան տեղափոխվելու համար։

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։
Տեղեկացնում ենք նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների հարցը, ովքեր տարբեր պատճառներով հնարավոր է, որ գտնվելիս լինեն Հանրապետության տարածքում։

[Արցախի տեղեկատվական շտաբ]
❗️ԱՀ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։

Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցումներին։⤵️

https://www.facebook.com/100064854781936/posts/705880931583727/?mibextid=cr9u03

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Հոկտեմբերի 9֊ին`ժամը 16:00-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (Մհեր Մկրտչյան 5) կկայանա հանդիպում` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ, որի ընթացքում նրանց կներկայացվեն տնտեսության ոլորտում գործող ծրագրերը և կքննարկվեն այդ ծրագրերից օգտվելու` իրենց համար մշակված շահավետ պայմանները:

Հանդիպմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

[ՀՀ էկոնոմիկայի նախարարություն]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքներ կարող են ստանալ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Աբովյան 9, 3-րդ հարկ, N310 սենյակ։ ☎️Հեռ.՝ 012-37-77-65:
❗️Ծանոթություն.➡️Վերոնշյալ տեղեկանքները տրվում են տրանսպորտային միջոցի օտարման կամ տեխնիկական զննություն անցկացնելու համար։

[Ստեփանակերտի քաղաքապետարան}
Հարգելի՛ հայրենակիցներ,

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական շրջաբերական գրությունն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Համաձայն շրջաբերականի՝ ԿԳՄՍ նախարարությունն այս ընթացքում ստացել է մի շարք հարցեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակության կազմակերպման դեպքում իրենց ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով առարկայական 8 տարբերությունների գերազանցման, ինչպես նաև ավագ դպրոց հաճախող կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց արհեստագործական ուսումնարան կամ քոլեջ ընդունվելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախարարությունը ՄԿՈՒ հաստատություններին տնօրեններին տեղեկացրել է, որ անձի ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով 8 առարկայական տարբերությունների գերազանցման դեպքում անհրաժեշտ է նախարարության համաձայնությունը ստանալուց հետո հրամանագրել ուսումնառած կուրսից՝ հնարավորության դեպքում կազմակերպելով առարկայական տարբերությունների հանձնումը, կամ անձի (անչափահաս լինելու դեպքում ծնողի) համաձայնությամբ վերականգնել այն կուրսից, որտեղ չի գերազանցի 8 առարկան (մոդուլը): Անձի կողմից հարակից մասնագիտությամբ ուսումը շարունակելու և նրա մոտ ակադեմիական տեղեկանք կամ ուսումնառության վերաբերյալ տեղեկատվություն չլինելու դեպքում առարկայական տարբերությունները պետք է հաշվել ՀՀ-ում գործող համապատասխան մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ուսումնական պլաններով:

Ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց թույլատրվում է կրթությունը շարունակել նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ վճարովի համակարգում, սակայն այդ դեպքում պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում հետագայում չի նախատեսվում:

Քոլեջների և ուսումնարանների ղեկավարներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով նախարարությունը շրջաբերական գրություն էր ուղարկել նաև նախորդ շաբաթ: Ըստ այդմ՝ հանձնարարվել էր բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակությունը կազմակերպել ՀՀ-ում ուսանողի բնակության վայրի ամենամոտ (համայնք կամ մարզ) ուսումնական հաստատությունում իր ուսումնառած մասնագիտությամբ՝ տվյալ մասնագիտության համար լիցենզիայով հատկացված տեղերի թիվը չգերազանցելու պայմանով: Լիցենզիայով հատկացված տեղերի թիվը գերազանցելու դեպքում ուսումնական հաստատության կողմից պետք է խորհուրդ տրվի համայնքի կամ մարզի այլ հաստատություն, որտեղ առկա է ուսանողի ուսումնառած մասնագիտությամբ թափուր տեղ: Ուսանողի բնակության վայրի ամենամոտ ուսումնական հաստատությունում լիցենզիայով հատկացված տեղերը գերազանցելու դեպքում ուսանողն իր ցանկությամբ կարող է դիմել հարակից մասնագիտությամբ՝ պահպանելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանի հավելվածով հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգի պահանջները:

Ուսանողական իրավունքի վերականգնման մերժման հիմք չի կարող հանդիսանալ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը: Ուսանողի դիմումն ընդունելուց հետո անհրաժեշտ է նրան թույլատրել մասնակցելու ուսումնական գործընթացին և հնարավորինս սեղմ ժամկետում դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ վերականգնման համաձայնություն ստանալու համար:

ԼՂ-ում ընդհատված կրթության իրավունքի վերականգնման դեպքում պետական քոլեջներում և ուսումնարաններում կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10-599-623:

[ՀՀ ԿԳՄՍ նախարարություն]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են:
Հաշվի առնելով ապատեղեկատվության տարածման հետևանքով բնակչության շրջանում առկա խոսակցությունները՝ ներկայացնում ենք, որ վերջին ռազմական գործողություններից հետո պետական բյուջեից կատարված ամբողջ ծախսը կազմել է շուրջ 463 միլիոն դրամ:
Բյուջետային համակարգի մասին օրենսդրությանը համապատասխան՝ հավաստագրված ստացողների ստորագրություններով, կատարված ծախսերը ներկայացնում ենք հետևյալ բացվածքով.
1. Աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների (260 միլիոն դրամ) մասնակի տրամադրում այն աշխատակիցներին, ովքեր փաստացի աշխատանք էին կատարում հանրապետության տարածքում (Նախագահի աշխատակազմ, կառավառության գործերի կառավարչություն, ՊԲ, ՆԳՆ ոստիկանություն, ԱԻՊԾ, ԱԱԾ, Քննչական կոմիտե, առողջապահական հիմնարկներ),
2. Նախկինում կատարված շինարարական աշխատանքների դիմաց քաղաքաշինության նախարարության՝ 18 ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարում (83,5 միլիոն դրամ),
3. Երկրի շրջափակմամբ պայմանավորված՝ մսի արժեքի սուբսիդավորման նպատակով տարբեր տնտեսավարողների հանդեպ գյուղատնտեսության նախարարության ունեցած պարտավորությունների մարում (շուրջ 96 միլիոն դրամ),
4. Ռազմական գործողություններից հետո բնակչության տարհանման նպատակով տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարում և զոհվածների հուղարկավորության համար կատարված ծախսեր (23,5 միլիոն դրամ):
Արցախի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում:
Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվեկշռում առկա ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ որոշում չի կայացվել, ու դրանց հետագա տնօրինումը պարզ կլինի միայն համապատասխան որոշումներից հետո:

[ԱՀ կառավարություն]
Հարգելի՛ հայրենակիցներ,

📢 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար․ նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։

Ըստ այդմ, աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝
• եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,
• բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։

📌 Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանա, սակայն վերջիններս կկարողանան օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից։

‼️ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հոկտեմբեր ամսվա համար դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ այս ամսվա վճարման ցուցակը կձևավորվի 100 հազար դրամ միանվագ աջակցություն ստացած անձանց տվյալների մշակման միջոցով։

Գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին կամ կտրամադրվի առձեռն՝ Հայփոստի միջոցով, այն դեպքում, եթե շահառուի տարիքը 75-ից բարձր է կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է և չունի բանկային հաշվեհամար։

Նոյեմբեր ամսից աջակցությունը չի վերաբերի՝
• բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց,
• պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց։

💻Սկսած նոյեմբերից աջակցությունը կտրամադրվի մեկ անգամ ներկայացվող առցանց դիմումների հիման վրա, որի ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։

[ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ https://license.emis.am հարթակի միջոցով🔍

Հավելյալ խնդիրների և hարցերի դեպքում նրանք կարող են դիմել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ոլորտային վարչություններ, ինչպես նաև Հայաստանի 60-ից ավելի համայնքներում Կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որտեղ մասնագետները համապատասխան ուղղորդում կիրականացնեն՝ տվյալ բնակավայրի դպրոցների և լիցենզիայով սահմանված ազատ տեղերի վերաբերյալ:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/18436

[ՀՀ ԿԳՄՍ նախարարություն]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողներին համարել ազատված զբաղեցրած պաշտոններից՝ բացառությամբ Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Արցախի Հանրապետության պատգամավորների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Արցախի Հանրապետության դատավորների, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության նախարարների, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի, Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի, Ստեփանակերտի քաղաքապետի, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարների, Արցախի Հանրապետության կողմից հիմնադրված ընկերությունների (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) և հիմնադրամների ղեկավարների, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության):

Հրամանագրով սահմանվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, որի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան ԱՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից նույն օրը որոշում է ընդունվել վերացված համարելու պետական և համայնքային բյուջեների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները:

Հրամանագրով միաժամանակ սահմանվել է, որ վերոնշյալ սուբյեկտների օգտին 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

***
Արգելանքների վերացումը չի ազատում պարտավորությունների կատարումից։ Այն ժամանակավոր միջոցառում է, որի նպատակն է մեղմելու Արցախի շուրջ ս. թ. սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված պայմաններում հայտնված՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները՝ հիմնականում նրանց դրամական միջոցները ժամանակավոր չբռնագանձելու ձևով։

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Զանգվածային որոշ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկությունները, թե իբր սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախի Հանրապետության կառավարությունը տարբեր քաղաքացիներից գնել է բնակարաններ կամ գույք, տրամադրել փոխառություններ կամ կանխիկ գումարներ, իրականությանը չի համապատասխանում:

Հորդորում ենք նման տեղեկությունների տիրապետող քաղաքացիներին դիմել ՀՀ իրավապահ մարմիններին, ներկայացնել հանցագործության մասին համապատասխան հաղորդումներ:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հատկապես այս բարդ ժամանակաշրջանում կոչ ենք անում տուրք չտալ տարբեր նպատակներ հետապնդող կեղծ և չճշտված տեղեկություններին:

Տեղեկացնում ենք, որ այս և մի շարք այլ հարցերի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում կանդրադառնա հրապարակային իր խոսքում:

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության և համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը:
Առաջացող բոլոր հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք զանգահարել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջօրյա գործող թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով, կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններ:

Ելնելով վերոգրյալից` Երևանի Խ. Աբովյան 9 հասցեում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները։

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունները դատապարտում են հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը, երբ բռնության ու վիրավորանքի դրսևորումներով մի խումբ անձինք, խախտելով հասարակական կարգը, ոչ կառուցողական մթնոլորտ են ստեղծել ներկայացուցչության բակում քաղաքացիների հավաքի ժամանակ՝ փորձելով հրահրել զանգվածային անկարգություններ:

Նախագահ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե պատրաստ էր լսել քաղաքացիներին՝ հնարավորության սահմաններում պարզաբանումներ տալով նրանց հուզող հարցերին:

Հակառակ արհեստականորեն ստեղծված բոլոր խոչընդոտներին՝ նախագահ Շահրամանյանն ընդունել է հավաքի ակտիվին, պարզաբանումներ տվել սույն թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քաղաքացիները բարձրացրել են մի շարք սոցիալական՝ այդ թվում ՀՀ-ում կացարանով ապահոված չլինելու հետ կապված խնդիրներ:

Սամվել Շահրամանյանը նշել է, որ Արցախի կառավարությունը շարունակելու է գույքագրել նմանատիպ բոլոր հարցերը և դրանք ներկայացնել ՀՀ կառավարությանը, քանի որ ինչպես արդեն հայտարարել ենք, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների առողջապահական, կրթական, սոցիալական աջակցության և համանման այլ հարցերով աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը (Առաջացող բոլոր հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջօրյա գործող թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով, կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններ):

Արցախի Հանրապետության իշխանությունները հայցում են այն լրագրողների և քաղաքացիների ներողամտությունը, ում աշխատանքը անկարգության պայմաններում խոչընդոտվել է, և ովքեր չեն կարողացել ստեղծված իրավիճակում իրենց հարցերն ուղղել կառավարության ներկայացուցիչներին:

Միևնույն ժամանակ ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում կատարվածի վերաբերյալ՝ կոչ անելով հետագայում բացառել բռնության դրսևորումներն ու զանգվածային անկարգությունները:

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ մշակույթի տանը (Նաիրի 42), բացվել է Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն։
Կենտրոնում ներկայացված են ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Համանման կենտրոններ գործում են նաև մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում։

Կենտրոններն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող թեժ գիծ` 114 հեռախոսահամարով։

[Արցախի տեղեկատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցեր,

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 20:30-ին, Արցախի հանրային հեռուստատեսության յութուբյան էջով: Հարցազրույցի հղումը հասանելի կլինի նաև Արցախի տեղեկատվական շտաբի առաջիկա հրապարակման մեջ:

[Արցախի տեղելատվական շտաբ]
Հարգելի՛ հայրենակիցներ,

Աշխատանքեր են տարվում, որ «Արցախփոստ» ընկերության միջոցով կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն ունենան 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակն ու նպաստը (բացառությամբ զինվորական կենսաթոշակի), ստանալ «Արցախբանկի» մասնաճյուղերից։

2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների տրամադրման մասին կտեղեկացնենք հավելյալ:

[«Արցախփոստ» ՓԲԸ]
2024/10/01 09:40:41
Back to Top
HTML Embed Code: