tgoop.com/RepublicSquareTG1/6846
Last Update:
Պանթուրքիզմն ու նեոօսմանականությունը՝ սպառնալիք ՀՀ անվտանգությանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թուրքիան է կանգնած Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադին տապալած զինված ապստամբների խմբի հետևում:
Թուրքիան վերականգնում է նոր Օսմանյան կայսրությունն ու փորձում է Մերձավոր Արևելքից դուրս մղել ՌԴ-ին և Իրանին։ Արևմուտքի և Իսրայելի շահերից է բխում Մեծ Մերձավոր Արևելքից իրանական և ռուսական ռազմա-քաղաքական ազդեցության դուրսմղումը կամ նվազեցումը։
Անկարան փորձում է Սիրիան դարձնել սեփական պանթուրքական և նեոօսմանական ծրագրերի կյանքի կոչման պլացդարմ, ինչպես նաև հենվելով Սիրիայի նոր թուրքամետ իշխանությունների վրա չեզոքացնել Քրդական բանվորական կուսակցությունը, որի ստորաբաժանումները տեղակայված են Սիրիայի հյուսիսում։
Թուրքիան՝ Բաշար Ասադի տապալումից ստանում է գեոպոլիտիկ դիվիդենտներ։ Նախ՝Թուրքիայի տարածքում ապաստան գտած 4 միլիոն սիրիացի փախստականներին աստիճանաբար վերադարձնելու է Սիրիա՝ուժեղացնելով սուննիական ազդեցությունն այդ երկրում։ Երկրորդ՝Սիրիայում իշխանության են եկել Թուրքիային դաշնակից խմբավորումներ և դրանով Թուրքիան ապահովագրեց իր հարավային սահմանները։
Եվ ամենակարևորը՝Անկարան չեզոքացնելու է քրդական գործոնը Սիրիայում՝կանխելով Քրդստան պետության ստեղծումը, որը կարող էր ընդգրկել նաև Թուրքիայի արևելյան՝քրդաբնակ շրջանները։
Ինչ վերաբերվում է ՀՀ-ին և հայկական շահերին, ապա Հալեպում և մյուս հայաբնակ քաղաքներում թուրքական և իսլամիստական ազդեցության ուժեղացումը հանգեցնելու է Սիրիայի հայ համայնքի արտագաղթին։ Սիրիայում հայկական ներկայությունը կարևոր էր հայկական շահերի տեսանկյունից, սակայն Թուրքիան՝իսլամիստների ձեռքերով ամեն ինչ անելու է սիրիահայերին դուրս մղելու համար։
Մերձավոր Արևելքում հայ համայնքները Հայաստան-արաբական աշխարհ շփումներում կապող օղակ էին, սակայն Լիբանանում պատերազմը, Սիրիայում քաղաքացիական պատերազմն ու Ասադի տապալումը վտանգելու են հայկական համայնքների գոյությունն այդ տարածաշրջանում։
Թուրքիայի պանթուրքական և նեոօսմանական ծրագրերն՝ ազգային անվտանգության սպառնալիք են նաև Հայաստանի համար, քանի որ Անկարան և Բաքուն ցանկանում են ստանալ Զանգեզուրի միջանցքը, որը Մեծ Թուրանի լոգիստիկան է։
Հայաստանը պետք է ամրապնդի կապերն այն երկրների հետ, ում համար պանթուրքիզմն ու նեոօսմանականությունը՝նույնպես սպառնալիք են և միասնական ճակատ ձևավորեն Մեծ Թուրանի դեմ։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6846