tgoop.com/RepublicSquareTG1/6915
Last Update:
Հաջորդ տարի չի լինելու նվազագույն աշխատավարձի, նպաստների և կենսաթոշակների բարձրացում: Նաև ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների «փախուստ» մեր երկրից. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ նախորդ երկու տարվա բարձր տնտեսական աճն արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ էր՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներով:
«Այդ գործոնի ազդեցությունն այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած էապես նվազեց, և, ցավոք, մեր այն վատատեսական կանխատեսումները, որ կային, կյանքի կոչվեցին ողջ ծավալով: Տնտեսական ակտիվության ցուցանիշն էապես նվազում է արդեն երկրորդ եռամսյակից սկսած, և այս իշխանությունների խոստացած առնվազն յոթ տոկոս տնտեսական աճի փոխարեն կունենանք մոտ հինգ տոկոս տնտեսական աճ: Այդ հինգ տոկոս աճում էական մասնաբաժին ունի այդ թուլացող գործոնը: Տարվա ընթացքում տնտեսական աճի տեմպի նվազումը հանգեցրեց նաև նրան, որ հարկային մուտքերն էապես թերակատարվեցին և շարունակում են թերակատարվել մոտ տասը տոկոսի շրջանակներում, նաև պետական բյուջեի ծախսերն են, ընդհանուր առմամբ, թերակատարվել միջինը տասը տոկոսով: Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս տարվա տասն ամիսներին էական թերակատարումը վերաբերել է խոստացված կապիտալ ծախսերին, այսինքն՝ երկարաժամկետ տնտեսական էֆեկտ ունեցող ենթակառուցվածքներ, շինարարություն և այլն»,-նշել է նա:
«Սրանք փաստերն են, որոնց վրա հիմնվելով` օրվա իշխանությունները հաջորդ տարվա պետական բյուջեում նախանշել էին սկզբում 5,6 տոկոսանոց աճ, իսկ երկու շաբաթ անց, երբ պետական բյուջեն վերջնական պետք է հաստատվեր, տնտեսական աճի ցուցանիշն իջեցրեցին 5-5,1 տոկոս: Հաջորդ տարվա նույնիսկ 5,1 տոկոսանոց աճը խիստ խնդրահարույց է կատարման տեսանկյունից, որովհետև միտումները, որոնք արդեն իսկ արձանագրում ենք հիմա, բավականին վատատեսական են հաջորդ տարվա համար: Երկրորդը՝ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները, մասնավորաբար՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, կանխատեսում են էլ ավելի ցածր տնտեսական աճ նույնիսկ լավագույն սցենարով, ինչը դրված է պետական բյուջեի հիմքում: Սա է պատճառը, որ շատ համեստ ցուցանիշներ ունենք հաջորդ տարվա բյուջեում եկամուտների իմաստով, դրան գումարած՝ ունենք փաստացի արձանագրում, որ հաջորդ տարի չի լինելու նվազագույն աշխատավարձի, սոցիալական, աղքատության նպաստների և կենսաթոշակների բարձրացում: Բայց փաստացի հաջորդ տարի գնաճային էական ճնշումներ կան, և նույնիսկ Կենտրոնական բանկը կանխատեսում է միջին գնաճ հինգ տոկոսի շրջանակներում», -ասում է Ավետիսյանը:
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ
BY Площадь Республики/Հանրապետության հրապարակ
Share with your friend now:
tgoop.com/RepublicSquareTG1/6915