tgoop.com/arcaxinfo/43993
Last Update:
Այսօր' Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) ծննդյան օրն է։ Նա կդառնար 58 տարեկան։ Գագիկը հավատում էր նախաքրիստոնեական հայկական հեթանոսությանը, որի համար էլ ստացել է «Հեթանոս» մականունը։
Ծնվել է Երևանում 1967-ին՝ Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։ Թուրքերի կողմից Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը, հավաքելով ամբողջ գերդաստանը (ընդհանուր թվով 27 ընտանիք), տեղափոխվում է Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղ բնակավայրը։ Գագիկի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում թուրքերի ջախջախմանը։ Իսկ նրա մյուս պապը, մասնակցելով Երկրորդ Համաշխարհային Պատերազմին, հասել է մինչև Բեռլին՝ Ռեյխստագի պատին թողնելով իր ստորագրությունը։
Խորհրդային բանակում ծառայությունն անցնելուց հետո վերադառնում է Հայաստան և անմիջապես միանում է եղբայրներին՝ Արայիկին և Բագրատին, ովքեր մասնակցում էին Արցախյան շարժմանը։
1990 թվականի ապրիլին Արայիկը իր ընկերների հետ միասին տիրել էին Կապանում գտնվող խորհրդային զորամասի ամբողջ զենքին։ Խորհրդային զորքերը հետախուզություն էին սկսել և շրջափակելն Արայիկին և նրա ընկերներին, ովքեր փակվել էին Խուստուփի ծերպերում։ Գագիկը, շտապ օգնության մեքենայով ներխուժելով շրջան, շրջափակումից ազատել էր եղբորը, ընկերներին և զենքը։1992 թվականին Գագիկն ընդգրկվել է «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատում, մասնակցություն է ունեցել Գորիսի, Սիսիանի և այլ բնակավայրերի պաշտպանությանը։ Մասնակցել է նաև Լաչինի (այժմ՝ Բերձոր) գրոհի, Ղուբաթլի (ներկայիս՝ Քաշունիք) և Ֆիզուլիի մոտ (ներկայիս՝ Քաշաթաղի շրջան) մղված մարտերին։ Գագիկը հասել է նաև մինչև Քելբաջար (ներկայիս՝ Քարվաճառ)։
1994 թվականի փետրվարի 13-ին՝ իր ծննդյան օրը, Գագիկը եկել էր տուն։ Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը։ Սակայն չդիմանալով՝ նա հաջորդ օրն իսկ վերադարձել է ճակատ։ Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի (Ամուրի) լեռնանցքի վրայի դիրքերից մեկը։ Միևնույն ժամանակ ադրբեջանցիները, պատրաստվելով հարձակման, կենտրոնացնում էին ուժերը։1994 թվականի մարտի 16-ի Գագիկը վիրավոր էր, վերջանում էր ռազմամթերքը։ Գագիկը հրամայել է իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեին շրջափակումից։ Իսկ ինքը վիրավոր ոտքով մնում է դիրքերում և միայն մեկ գնդացրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը։ Ադրբեջանցիները գրոհում էին, սակայն Գագիկը շարունակում էր պաշտպանությունը։ Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ էր անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ։ Թշնամին ընկնում էր՝ խոցված Գագիկի գնդակներից։ Չդիմանալով՝ թշնամին դադար էր առել։ Գագիկ Ստեփանյանը հնարավորություն է ունեցել նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում էր մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը։ Ադրբեջանցիները մարտի մեջ էին մտցել իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր։ Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվել էր ու թողել գնդացիրը։ Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկել էր հանձնվել։ Գագիկը շարունակել էր կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Նա ուժասպառ եղած ընկել էրև դիմադրությունը դադարել էր։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցել էին խրամատներին։ Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Իր աչքերին չհավատացող հրամանատարը որոշել էր տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջել էր ընկած Գագոյին։ Ընդամենը մեկ ակնթարթ Գագիկը բացել էր աչքերը և քաշել նռնակը։ Ահա այսպես զոհվեց «Հեթանոս Գագոն»՝ իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։ Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ էին գրավել երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած էր Գագոն։ Թշնամին հարգելով Գագոյի խիզախությունը՝ նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Նրա ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։
1995 թվականին ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգրատրվել է Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանով։ 1999 թվականի Երևանի քաղաքապետի հրամանով թիվ 135 դպրոցը անվանակոչվեց Գագիկ Ստեփանյանի անվան։
https://www.facebook.com/share/p/1HCXtGjZhY/?mibextid=wwXIfr
BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Share with your friend now:
tgoop.com/arcaxinfo/43993