tgoop.com/arcaxinfo/44056
Last Update:
❗️ Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է.
«Հետք»-ի հաղորդմամբ՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջով տեսանյութ է տարածել, որով իր հետևորդներին «տեղեկացնում է», թե ի վերջո որքա՞ն է ՀՀ արտաքին պարտքը։
Նա վերջերս շատ նամակներ ու անհանգստություններ է ստանում Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ և թե ինչպե՞ս եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 մլրդ դոլար։
Նախարարը սփոփում է անհանգիստ քաղաքացիներին. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար չէ։ ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 962 մլն դոլար է։ Եվ այն մարդիկ, ովքեր տարածում են այդ 12 մլրդ թիվը, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր են նրանք անում, մանիպուլյացիայի ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով»։
Մանիպուլյացիա՝ կիսատ ինֆորմացիայով. նախարարը «մոռացել է» նշել ներքին պետական պարտքի մասին
Հայաստանի պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պետական պարտքից։ Խոսելով միայն արտաքին պարտքից և չհիշատակելով ներքին պարտքը՝ նախարարը, կամա թե ակամա, մանիպուլացնում է հասարակությանը։
Դժվար գտնվի որևէ պետական կամ մասնագիտական փաստաթուղթ և վերլուծություն, որտեղ ներքին և արտաքին պարտքը միամյանց հետ չներկայացվեն, ներկայացվի դրանցից միայն մեկը՝ չխոսելով մյուսի մասին, որովհետև թե՛ ներքին, թե՛ արտաքին պարտքը հավասարաչափ կարևոր են, փոխանցվում են սերունդներին, երկուսի դեպքում էլ պետական բյուջեից տոկոսավճարներ և մայր գումարներ են տրամադրվում։
Պետական պարտքի մասին պաշտոնական տեղեկությունները հավաքագրում, մշակում և հրապարակում է Ֆինանսների նախարարությունը։ Եթե որևէ մեկը, գոնե, մեկ անգամ տեսել է այդ տեղեկագրերը, Պապոյանի այս բացատրական տեսանյութը առնվազն զարմանալի կհամարի։
Այսպես, ի՞նչ են ասում այդ տեղեկագրերը։
2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։
2023 թվականի վերջի համեմատ, այսինքն՝ մեկ տարում, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8.4%-ով։
Պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին։
Մասնավորապես, ներքին պարտքն աճել է 1 մլրդ դոլարով կամ 19.5%-ով։ Ներքին պետական պարտքը ձևավորվում է հիմնականում գանձապետական պարտատոմսերի թողարկման արդյունքում, որոնք ձեռք են բերում մեծամասամբ ռեզիդենտները՝ Հայաստանի քաղաքացիները։ Պետությունը այդպիսով պարտք է մնում ռեզիդենտներին։
Նույն ընթացքում արտաքին պարտքը նվազել է 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։ Այս մեկը Պապոյանը կարող էր որպես ձեռքբերում ներկայացնել։
Արտաքին պարտքը հիմնականում օտարերկրյա պետություններից, միաջազգային կազմակերպերպություններից վերցված վարկերն են, եվրապարտատոսմերից ստացված գումարները։ Հայաստանի 6 մլրդ 454 մլն դոլար արտաքին պարտքի փոքր մասը՝ 504 մլն դոլարը, ՀՀ կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ ՀՀ կառավարության։
Վերադառնալով նախարարի նշած 5 մլրդ 962 մլն դոլար ցուցանիշին՝ տեսնում ենք, որ անգամ արտաքին պարտքը առանձին վերցրած այդքան չէ, ավելի շատ է։ Հնարավոր է՝ նախարարը որևէ ամսվա ցուցանիշից հանել է ԿԲ-ի պարտքը և միայն կառավարության պարտքը ներկայացրել։
Տարիների ընթացում Հայաստանի պետական պարտքը միայն աճել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
@arcaxinfo
BY ԱրցախԻնֆո / АрцахИнфо
![](https://photo2.tgoop.com/u/cdn4.cdn-telegram.org/file/LiPNvVGb-hz0JS4UQsnlN06FO43kO05xMKjgTD0edULKUb0Dd0EzR2ikBGy5p7RLbnkPDPtfq0AJYlzMppREIJhHQGZxNOloFZufZwR4OuLJHMHrxUmb0nFWp226kpt0_d33ClFJhc0HkCybKpyrMpNZrBsQhX_yY21UsYXE7P2eDQ-31kcp2-UvRgIUcbj2NmHAXTEuLmgM0zKc3SkGKshC9jDxMCN3zZ0Z1fFvn1ZIeJovn3TuDZ7hARdwiBED0sdaWW6WoypASRirzN2hQ-W3e9O2K1kIi5SLmEkwk7AgI_zr8LG9Evds3AJQj0ssLipTVyMUFw7IC4BYKoWdNQ.jpg)
Share with your friend now:
tgoop.com/arcaxinfo/44056