tgoop.com/merartsakh/487
Last Update:
Ադրբեջանը նոր մեղադրանքներ է ներկայացրել Ռուբեն Վարդանյանի դեմ
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի դատախազությունը ներկայացրել է շուրջ 45 նոր մեղադրանքների փաթեթ, որոնք կարող են հանգեցնել նրան ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնել է Վարդանյանի պաշտպանական թիմը։
Մեղադրանքները ներառում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածներ։ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե իրենց ներկայացրած ապացույցներն ընդգրկում են 100 հատոր՝ ընդհանուր 25,000 էջի չափով։ Սակայն դրանք ամբողջությամբ գրվել են ադրբեջաներենով և չեն տրամադրվել Վարդանյանին ու նրա փաստաբաններին։
Ադրբեջանը փաստաբաններին թույլատրում է ծանոթանալ գործի նյութերին սահմանափակ ժամկետում՝ առանց պատշաճ թարգմանության։ Բացի այդ, արգելվում է որևէ նշում կամ լրացուցիչ նյութ հավաքել՝ պատճառաբանելով «ազգային անվտանգության» նկատառումները։ Վարդանյանի պաշտպանները սա որակում են որպես Ադրբեջանի միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում։
Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը նշել է.
«Այս մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Նրանք փորձում են Ռուբեն Վարդանյանին մեղադրել այն ամենի համար, ինչ իրենք են իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ Գործի գաղտնի պահպանումը հստակ ցուցիչ է, որ ներկայացված ապացույցները զուրկ են հիմնավորվածությունից»։
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, դատապարտել է իր հոր դեմ մեղադրանքները՝ դրանք որակելով որպես արդարադատության ծաղր։
«Հայրս ընդամենը երեք ամիս էր, ինչ զբաղեցնում էր Արցախի պետնախարարի պաշտոնը, և նրա միակ նպատակը ժողովրդի կյանքը բարելավելն էր։ Սակայն այսօր նա կանգնած է կեղծ մեղադրանքների առջև՝ աշխարհի ամենակոռումպացված ռեժիմներից մեկի կողմից։ Եթե ժողովրդավարական երկրները չմիջամտեն, մենք կարող ենք այլևս նրան չտեսնել», - ասել է Դավիթ Վարդանյանը։
Վարդանյանի ընտանիքը և պաշտպանական թիմը դիմել են ժողովրդավարական երկրներին՝ կոչ անելով վերահսկել դատավարության ընթացքը և ապահովել միջազգային կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայությունը։
Այս գործը դիտարկվում է ոչ միայն որպես Ռուբեն Վարդանյանի դեմ քաղաքական ճնշման դրսևորում, այլև նախազգուշացում բոլոր հայերին՝ Ադրբեջանի ռեժիմի վարած քաղաքականության վտանգավորության մասին։
ReArtsakh
BY ReArtsakh

Share with your friend now:
tgoop.com/merartsakh/487